Գլխի ՄՌՏ-ն հետազոտության մեթոդ է, որը թույլ է տալիս ստանալ ուղեղի կառուցվածքների և հարակից հյուսվածքների մանրամասն պատկերներ: Այս տեսակի հետազոտությունն օգտագործվում է տարբեր հիվանդությունների և վիճակների ախտորոշման համար, ներառյալ ուռուցքները, կաթվածները, գլխի վնասվածքները, ինչպես նաև ուղեղի զարգացման անոմալիաները հայտնաբերելու համար:
Գլխի ՄՌՏ-ն անվտանգ և անցավ հետազոտություն է: Պացիենտը տեղադրվում է սարքի մեջ, որը ստեղծում է ուժեղ մագնիսական դաշտ, որի օգնությամբ ստացվում է գլխի մանրամասն պատկեր:
Գլխի ՄՌՏ անցկացնելուց առաջ կարևոր է բժշկին տեղեկացնել մետաղական իմպլանտների, սրտի խթանիչի կամ այլ բժշկական սարքերի առկայության մասին, քանի որ դրանք կարող են ազդել պատկերի որակի վրա: Որոշ դեպքերում կարող է անհրաժեշտ լինել հետազոտության այլընտրանքային մեթոդ:
Հետազոտությունից առաջ պետք է հեռացվեն նաև բոլոր մետաղական առարկաները, ներառյալ զարդերը, ժամացույցը, ակնոցը և պրոթեզը:
Գլխի ՄՌՏ-ի տեսակները
Գլխուղեղի ՄՌՏ
Հիպոֆիզի ՄՌՏ
Գլխուղեղի ՄՌՏ՝ խոշոր գանգուղեղային նյարդերի նպատակային հետազոտությամբ
Գլխուղեղի ՄՌՏ էպիլեպսիայի ժամանակ
Պարանազային սինուսների ՄՌՏ
Աչքի խոռոչի ՄՌՏ
Գլխի ՄՌՏ-ն նշանակվում է հետևյալ դեպքերում․
Ուռուցքի կամ այլ նորագոյացությունների կասկած;
Ցրված սկլերոզի բուժման ախտորոշում և վերահսկում;
Գլխուղեղի արյան շրջանառության խանգարում;
Գլխի տարբեր վնասվածքներ;
Հիպոֆիզի կառուցվածքի հետազոտություն;
Վիրահատությունից հետո վիճակի վերահսկում;
Աչքի հիվանդություններ (օրինակ ՝ աչքի խոռոչի ուռուցքի կասկած);
Անհայտ ծագման հաճախակի գլխացավեր;
Ականջի, կոկորդի, քթի հիվանդություններ;
Ոււղեղի անոթների վիճակի գնահատում (անգիոգրաֆիա);
Կանոնավոր հետազոտություն քրոնիկ հիվանդությունների առկայության դեպքում։
Գլխի ՄՌՏ կատարելու որոշումը կայացնում է բժիշկը՝ հիմնվելով պացիենտի բժշկական ցուցումների և հիվանդության պատմության վրա:
ՄՌՏ հետազոտության ընթացքում բացասական հետևանքները կանխելու համար անհրաժեշտ է հաշվի առնել հակացուցումների առկայությունը, որոնք կարող են լինել ինչպես հարաբերական, այնպես էլ բացարձակ: Հետազոտությունը կատարելիս անհրաժեշտ է պահպանել որոշակի նախազգուշական միջոցներ:
ՄՌՏ-ի բացարձակ հակացուցումները․
Սրտի ռիթմավարի, դեֆիբրիլյատորի կամ այլ իմպլանտացված էլեկտրոնային սարքերի առկայություն:
Մետաղական իմպլանտներ, բեկորներ և այլ մետաղական առարկաներ մարմնում, որոնք կարող են շարժվել կամ տաքանալ մագնիսական դաշտի ազդեցության տակ:
Հղիությունը վաղ փուլերում (առաջին եռամսյակում):
Հարաբերական հակացուցումներ:
Հետազոտության ընթացքում անշարժություն պահպանելու անկարողություն: Այս դեպքում մարմինը ֆիքսելու համար կարող են օգտագործվել հատուկ միջոցներ։
Մետաղական ներկերի օգտագործմամբ կատարված դաջվածքների առկայություն:
ՄՌՏ անցկացնելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ և տեղեկացնել նրան առկա բոլոր հակացուցումների և օրգանիզմի առանձնահատկությունների մասին:
Գլխի ՄՌՏ պրոցեդուրան սովորաբար տեղի է ունենում հետևյալ կերպ․
Պացիենտը պառկում է հատուկ թախտին՝ տոմոգրաֆի հարթակին, որն այնուհետև տեղափոխվում է ՄՌՏ ապարատի թունելանման կառուցվածքի ներսի հատված։
Պացիենտի գլխի շուրջ տեղադրվում է հատուկ կծիկ, որը ստեղծում է ուժեղ մագնիսական դաշտ և որսում ռադիոազդանշանները, որոնք գալիս են օրգանիզմի ջրածնի ատոմներից:
Բժիշկը կամ բուժքույրը գտնվում են առանձին սենյակում և կառավարում են ՄՌՏ սարքը՝ վերահսկելով հետազոտության գործընթացը:
Գլխի ՄՌՏ պրոցեդուրան տևում է 20-ից 40 րոպե՝ կախված հետազոտվող հատվածի ծավալից և հետազոտության լրացումից՝ կոնտրաստային նյութի կիրառմամբ:
Ահա մի քանի խորհուրդներ․
Տեղեկացրեք բժշկին ձեր ունեցած ցանկացած հիվանդության, ալերգիայի կամ ընդունվող դեղորայքի մասին:
Հանեք բոլոր մետաղական առարկաները նախքան ՄՌՏ սարքի սենյակ մտնելը:
Հագեք հարմարավետ, ազատ հագուստ՝ առանց մետաղական տարրերի:
Պացիենտներին տրվում են լսողության պաշտպանիչներ կամ ականջակալներ՝ տոմոգրաֆի աշխատանքի ընթացքում աղմուկի ինտենսիվությունը նվազեցնելու համար:
Հետազոտության ընթացքում փորձեք անշարժ մնալ և հետևել ձեր բժշկի ցուցումներին:
Եթե դուք ունեք կլաուստրոֆոբիա կամ վախենում եք փակ տարածությունից, տեղեկացրեք այդ մասին բժշկին:
Պացիենտին տրվում է ազդանշանային «տանձիկ», որը սեղմելիս բժիշկն ու լաբորանտը բարձր ձայն կլսեն և կընդհատեն հետազոտությունը: Պացիենտը կարող է օգտագործել ազդանշանային «տանձիկը» հետազոտության կատարման ժամանակ որևէ դիսկոմֆորտ զգալու ժամանակ։
Եթե պացիենտը ունի իմպլանտ, որը կարող է փոխազդել ՄՌՏ ապարատի մագնիսական դաշտի հետ, բժիշկը պետք է գնահատի ռիսկերը և որոշում կայացնի հետազոտության անցկացման հնարավորության վերաբերյալ:
ՄՌՏ-ն կարող է փոխարինվել նաև մեկ այլ հետազոտությամբ, ինչպիսին է համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ), որը չի օգտագործում մագնիսական դաշտ և չի փոխազդում իմպլանտների հետ: Այս որոշումը կայացնում է ներկա բժիշկը կամ ռենտգենոլոգը: